Չորեքշաբթի, 29 Հունիսի, 2022
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Կարևոր խոսք

Խնամքի կարևորությունը

15 Հունիսի, 2022
Կարևոր խոսք, Հայացք անցյալին
Խնամքի կարևորությունը
0
Կիսումներ
10
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

«Իսկ եթե մեկը յուրայիններին և մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և ավելի չար է, քան անհավատը» (Ա Տիմ. 5։8)։

Երեսուն տարի շարունակ նեղություններով ու դժվարություններով ապրած մեկը հավիտենական քաղաքի խորքերից հիշում է իր հավատացյալներին, որոնց հոգիները կրթելու համար մեծ վիշտ էր կրել, և նրանց հանձնում է իր հավատարիմ աշակերտ Տիմոթեոսին, որպեսզի վերջինս խնամի ու իր խոսքերով օգնի նրանց:

Հիսուս Քրիստոսի սիրով բռնկված սիրտը երբևէ չի հոգնում իր վերջին հրաժեշտի ողջույնները տալուց և իր հետևորդներին իր ընթացքը շարունակելու կոչն անելուց, որպեսզի նրանք ունենան իրեն հատուկ եռանդուն ոգին, որն իր ողջ զորությամբ իրենում ամփոփում էր Ավետարանը:

Պողոսն իր ծերության մեջ պարծենալու իրավունք ուներ, քանի որ քրիստոնեության նախկին անողոք թշնամին այսօր Ներոնի ատյանի առջև հանդես է գալիս իբրև նոր կրոնի դյուցազն և քրիստոնեության ճշմարտությունը ջատագովող մեծագույն վկա:

Խոնավ բանտերը նրան չհուսահատեցրին, այլ է՛լ ավելի քաջալերեցին: Նա հիշեց բոլոր նրանց, ովքեր աշակերտել էին Ավետարանին, և իր վերջին ողջույնի հետ նաև հորդորներ ուղղեց Տիմոթեոսին մարդու անհատական և հասարակական կյանքի վերաբերյալ: Առաքյալը ամեն բանից վեր դասեց ընտանեկան հոգսն ու խնամքը և այն զանց առնողին անհավատ կոչեց՝ ասելով. «Իսկ եթե մեկը յուրայիններին և մանավանդ ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և ավելի չար է, քան անհավատը»:

***

Պողոսը քրիստոնեական կրոնի մեջ տեսավ բարոյականության վեհությունը: Նա ըմբռնեց Ավետարանն իր բոլոր հատվածներով: Քրիստոնեության քարոզը ազնվացրեց ոչ միայն հոգին, այլև մարդուն ամբողջապես, և առաքյալը խոսեց նաև մարդու ապրելու համար անհրաժեշտ միջոցների մասին:

Պատմությունից հայտնի է, որ նախքան քրիստոնեությունը ընտանեկան հարկը ստորաքարշ կարգավիճակ ուներ: Եվ Քրիստոս եղավ այն գերազանց վիճակի հասցնողն ու նվիրականացնողը: Առաքյալն իր մեծ Վարդապետի գործած բարիքը կամեցավ հավերժացնել հեթանոս աշխարհում, և ընտանիքի մասին խնամք տանելն ու օգնելը պարտադիր դարձրեց:

Պողոսի այդ հորդորը մեր աչքերի առջև ունենալով՝ պետք է խորհենք այն մասին, որ եթե անձը ընտանիք է կազմում, ապա այդ օրից ի վեր մեծամեծ ծառայությունների պարտք է վերցնում իր ուսերին, որը մինչև իր կյանքի վախճանը սիրով պետք է կրի: Հիրավի, ընտանեկան հարկը փոքրիկ հասարակության կենտրոնատեղին է, որի ներսում ամեն բան պետք է կանոնավոր լինի, հակառակ դեպքում այն կկորցնի իր հաստատունությունը, և շուտով վրա կհասնի կործանումը։

Քրիստոսի և Նրա առաքյալների քարոզության հիմնական նյութը ընտանեկան կյանքի անկումային վիճակն ու թշվառությունն էր, որը սպրդել էր ընտանեկան հարկերից ներս։ Սիրո կապը, որն Աստված ի սկզբանե հաստատել էր երկու ամոլների միջև, բոլորովին խզված ու ջնջված էր։ Այդ փոքրիկ աշխարհը՝ ընտանիքը, այդպիսի իրավիճակում լինելով, ի՞նչ օգտակարություն կարող էր բերել հասարակությանը․ ոչ մի օգուտ, որովհետև այդ ընտանիքը հիվանդ ու տկար էր, և այդպիսի խեղանդամ ընտանիքները չէին կարող ողջանդամ հանրության մաս կազմել։

Քրիստոնեությունը մարդկային հասարակության ամենից ավելի կազդուրիչ տարրը եղավ․ Հիսուս Իր Ավետարանով վարդապետեց ամեն բան։ Լրացրեց Մովսիսական օրենքը, որն այդքան թերի էր, և սահմանեց մեծագույն՝ սիրո օրենքը, և դրա վրա հաստատեց ընտանեկան հոգսն ու խնամքը։

Առաքյալի խոսքը չի նշանակում, որ պետք է նկատի ունենանք միայն նյութական ապրուստ հայթայթելու միջոցները, որոնք մարմնի կենսական ուժն են ապահովում։ Այլև պետք է գիտենալ, որ անհրաժեշտ է խնամք տանել նաև մտավոր զարգացման, սրտի ազնվացման, բարոյական մաքրության և այն բոլոր պարագաների համար, որոնք կարևոր են, կառուցող ու հանրության համար էլ օգտակար։

Ահա թե որոնք են ընտանեկան հոգսեր ստանձնողի ամենամեծ պարտականությունները։ Մեծն առաքյալի ուշադրությունից երբևէ չվրիպեց այդ հանգամանքը, որը ծառայում էր ամենքի օգտին։ Ընտանեկան խնամքն ու հոգսը աշակերտին զգացնել տվեց իր նամակի միջոցով՝ մեզ ավանդելով մեծ ու սքանչելի մի խրատ, որ ներշնչված էր քրիստոնեական բարձր բարոյականությամբ։

***

Քրիստոնեությունը դեռ իր սաղմնային վիճակում գուրգուրանքով էր նայում իրեն հետևող անդամներին։ Քրիստոսի ժամանակներից սկսած առաքյալներն ունեին մի արկղ, որի մեջ հավաքում էին աղքատների ու այրիների համար անհրաժեշտ պարագաները։

Գործք առաքելոցը դրա լավագույն վկան է․ այն ցույց է տալիս նախկին քրիստոնյաների կյանքը։ Նրանք նահապետական ընտանիքի նման միասին ապրելով՝ իրենց ունեցվածքն առաքյալների տրամադրության տակ էին դնում։ Նրանց մեջ հարուստ և աղքատ չկար։ Քրիստոսի ավետարանական վարդապետությունն ամենքը հավասարապես լսում էին և հավասարապես գործադրում։

Քրիստոսի Ավետարանի՝ Պաղեստինի սահմաններից դուրս տարածվելուն զուգընթաց առաքյալները ընդօրինակեցին նաև մարդասիրության այդ գեղեցիկ սկզբունքը։ Պողոսն իր նամակներում հայտնապես հիշատակում է նորադարձ հավատացյալների՝ Երուսաղեմի այրիների ու որբերի համար հանգանակվող դրամի մասին և հորդորում շարունակել այդ բարեպաշտ գործը։

Առաքյալի քարոզության մեծագույն առաքելություններից մեկը նաև դա էր։ Նա քաջ գիտակցում էր, որ քրիստոնեությունը խտրություն չէր դնում իր հետևորդների միջև․ այն այրու, աղքատի, որբի կրոնն էր։

Հիսուս Քրիստոս լավագույնս բացատրում է այդ իրողությունը՝ իր սպասավորության ու քարոզած կրոնի հիմքում դնելով հրապարակային կյանքի այդ սկզբունքները․ «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկ․ 4։18-19):

Իսկապես, քրիստոնեությունը այրիների ու աղքատների կրոնը եղավ, բժշկեց մարդկության այդ վիրավոր անդամներին և նրանց իր հետևորդները դարձրեց։ Պողոսը, իր Վարդապետի ուղու ճշմարիտ հետևորդը լինելով, լավագույնս ըմբռնեց Նրա քարոզած կրոնը և ըստ այդմ ինքն էլ այն վարդապետեց՝ մասնավորաբար՝ ընտանիքին, և ընդհանուր առմամբ՝ յուրայիններին, այսինքն՝ այրիներին, որբերին, աղքատներին խնամելը մեծ պարտականություն համարելով և այն չիրագործողին անհավատների շարքին դասելով ու ասելով․ «Ով յուրայիններին և մանավանդ իր ընտանիքին խնամք չի տանում, հավատն ուրացել է և անհավատից էլ ավելի չար է»։

Աղան ծ. վրդ. Համամջյան, «Դպրեվանքյան քարոզներ», Փարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

Նախորդ

Հակոբոսի նամակի մեկնություն(5.2-3)

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ահաւասիկ առողջացար. այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»: 

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Navigate Site

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Follow Us

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.